Հաստատվել է առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, որով կանոնակարգվել և հստակեցվել են հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների սահմանումները, դրանց կազմակերպման և իրականացման սկզբունքները, որոնք մինչ այժմ գործող կարգավորումներով սահմանված չէին: Այս մասին գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նոր ցանկով սահմանված է
40 հիմնական բժշկական մասնագիտություն,
4 ստոմատոլոգիական,
1 ֆարմացիայի,
1 հանրային առողջապահության:
Յուրաքանչյուր հիմնական մասնագիտության համար սահմանված են համապատասխան նեղ մասնագիտացումներ:
Հարկ եմ համարում նշել, որ առաջին անգամ ներառված են նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող բուժաշխատողի մասնագիտական գործունեության վերաբերյալ կարգավորումներ: Այս կարևորագույն աշխատանքը կյանքի է կոչվել մեր գլխավոր խորհրդատուների, մասնագիտական ասոցիացիաների, ոլորտային մասնագետների և կազմակերպությունների համատեղ ջանքերի ու արդյունավետ համագործակցության շնորհիվ»,-նշել է նախարարը։