2026-ի հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային թվային համակարգով. պաշտոնյա

Այս տարվա հուլիսի 1-ից ներդրվելու է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը, որը մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը լինելու է կամավոր, իսկ դրանից հետո արդեն պարտադիր: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Խոսքն այն մասին է, որ 2026-ի հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը, բացառությամբ բոլոր դեպքերի, կնքվելու են էլեկտրոնային թվային համակարգով եւ լինելու է ամեն ինչ էլեկտրոնային եղանակով:

Լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները: Այնտեղ լինելու է հնարավորություն ստեղծել աշխատանքային պայմանագիր, գործատուները լրացնելու են դաշտերը, որոնք լինելու են պարտադիր: Այդ դաշտերն ընտրվել են այն սկզբունքով, որ այսօր էլ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածում կան մի շարք պահանջներ, որ պետք է աշխատանքային պայմանագիրը բովանդակի:

Բացի պարտադիր դաշտերից, գործատուն ունի հնարավորություն աշխատողի հետ համաձայնությամբ լրացուցիչ պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե իհարկե, դրա կարիքը տեսնում է: Գործատուն ու աշխատողը ազատ են որոշելու՝ այդ ավել պայմանները ավելացնեն էլեկտրոնային հարթակում, թե՞ դա լինի առանձին համաձայնագրերի միջոցով»,-ասաց նա:

Ժորա Սարգսյանի խոսքով, երբ գործատուն լրացնում է այդ պարտադիր դաշտերը, նա նաեւ էլեկտրոնային հարթակում ստորագրում է. «Գործատուն ունի հնարավորություն լիազորելու, որ իր անունից նաեւ այլ անձ ստորագրի: Դրանից հետո աշխատողն իր էլեկտրոնային հասցեին ստնում է ծանուցում, որ ստեղծվել է պայմանագիր, եթե համաձայն եք՝ դուք էլ ստորագրեք: Աշխատողի համար դա տեղի է ունենում «Ես եմ» հարթակում: Երբ աշխատողը ստանում է ծանուցում, մտնում է «ես եմ. Հարթակ, տեսնում է իր համար ստեղծված աշխատանքային պայմանագրի նախագիծը: Եթե նա համաձայն է այդ պայմանագրի պայմաններին, նաեւ ինքն է ստորագրում էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային ստորագրությամբ: Դրանից հետո հարաբերությունները համարվում են ծագած»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավորություն կա ժամանակի ընթացքում աշխատանքային պայմանագրերում փոփոխություններ կատարել, եթե դրա կարիքը կա:

Բացի այդ, ըստ նրա, աշխատանքից ազատման հրամանը եւս տրվելու է այդ էլեկտրոնային հարթակում, եւ աշխատողը «ես եմ» հարթակում անմիջապես տեսնելու է այդ հրամանը:

Նա նաեւ ընդգծեց, որ 2026-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31ճ-ը ժամանակ է տրվելու բոլոր գործատուներին, որ իրենց աշխատողների տվյալները, որոնք ավելի վաղ են ընդունվել աշխատանքի, այդ հարթակում լրացնեն:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728