Պատմամշակութային հուշարձանը յուրացվել է նախկին պատգամավորի որդու կողմից. «Հետք»

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն Աջափնյակում իր տունը կառուցել է Հրազդանի կիրճի եզրին: Այստեղից գեղատեսիլ տեսարան է բացվում, որը վայելելու համար պատգամավորը նաև հատուկ հանգստի տաղավար է կառուցել: Այս մասին գրում է «Հետքը»:

Հրազդանի կիրճի տվյալ տարածքը հայտնի է պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ են գտնվում «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում։

Ըստ լրատվականի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման ժամանակ հնագետները փորձել են հետազոտել պատմամշակութային հուշարձանների վիճակը, մասնավորապես` «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք մետրոյի կայարանի կառուցման ազդեցության գոտում են: Նրանք արձանագրել են, որ «տարածքը խիստ դժվարամատչելի էր՝ քարանձավային համալիրի հարևանությամբ կառուցված տան պատճառով, որը, գործնականում, յուրացրել էր հուշարձանակիր տարածքի մի մասը և փակել դեպի քարայրեր տանող ուղիները, ձևափոխել լանդշաֆտը», ուստի քարայրերի նույնականացումը խիստ բարդ է եղել:

«Google Earth-ի պատմական լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դեռևս 2000 թվականին Փամբուկյանների տան տարածքն ամայի էր, 2005-ից սկսվում են նախապատրաստական աշխատանքները, 2008-ին տան մեծ մասն արդեն կառուցված է։

Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի համաձայն՝ Ալիխանյան 14 հասցեն սեփականության իրավունքով պատկանում է որդուն` Էդգար Փամբուկյանին»,- հայտնել է լրատվականը:

Էդգար Փամբուկյանը Հայաստանում մի շարք բիզնեսներ ունի, բայց առավել հայտնի է նրա բենզալցակայանների «Max Oil» ցանցը: Էդգար Փամբուկյանը «Մաքս Օիլ» ՍՊԸ-ում 100% մասնակցություն ունի, իսկ ընկերությունը պետգնումներով բենզին է մատակարարում պետական կառույցներին:

Կադաստրի կոմիտեի քարտեզների բաժնից երևում է, որ Փամբուկյանների տունն այլ պատկեր ունի, քան իրականությունն է: Ավելի մեծ է, ձախից փակել է ճանապարհը, իսկ դիմացից դուրս է եկել Էդգար Փամբուկյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի եզրագծերից:

Լրատվականը Կադաստրի կոմիտեից փորձել է տարբեր գրություններով հստակեցնել, թե այդ դուրս եկած հատվածն ինչ հիմունքներով է կառուցապատել և զբաղեցրել Փամբուկյանը, արդյոք ունի սեփականության կամ գրանցած այլ, օրինակ, վարձակալության իրավունք:

Կադաստրի կոմիտեից լրատվականին հայտնել են, որ ըստ կադաստրային գործի տվյալների՝ նշված ծածկագրով գրանցված/գույքագրված/ անշարժ գույք չի հայտնաբերվել:

«Աջափնյակ վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնից մեզ բացատրեցին, որ եթե նման գույք կամ որևէ իրավունք չի հայտնաբերվել, ապա այդ ծածկագրով գույքը կամ տարածքը համայնքային է, կարող է ճանապարհ լինել, սակայն նույնիսկ այդ պարագայում, եթե տվյալ տարածքը վարձակալած լինեին, պետք է օրինական գրանցված լիներ Կադաստրի կոմիտեում` որպես վարձակալության իրավունք: Եթե այդ ամենը չի արվել, պետք է չափագրում իրականացվի` պարզելու կառուցված շինության օրինականությունը»,- գրել է լրատվականը:

Հիշեցնենք, որ Հարություն Փամբուկյանը պատգամավոր էր ընտրվել դեռևս 1999-ին, 2006-ից նա սկսել է անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Պատգամավոր եղել է մինչ 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները՝ մինչև 2012-ը։ Նա 2011թ․-ից արդեն տեղափոխվել էր ՌԴ՝ մշտական բնակության։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728