Քոչարյանն անդրադարձել է Մեղրին ԼՂ-ով փոխանակելու շուրջ բանակցությունների մասին ԱՄՆ պետդեպի փաստաթղթերին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնցում առկա են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1990-ականների վերջերին բանակցություններ են վարել Մեղրին ու Լեռնային Ղարաբաղը փոխանակելու շուրջ։ 

Քոչարյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսի ընթացքում։ 

ՀՀ երկրորդ նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ բանակցություններից։

 «Մինչև 1999 թվականը բանակցային գործընթացը հետևյալ բովանդակությունն ուներ։ Համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից, ինչ առաջարկ բերում էին, հետևյալ տրամաբանության մեջ էր՝ փորձում էին ինքնորոշման իրավունքը «ամուսնացնել» տարածքային ամբողջականության հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է այդպիսի առաջարկ եղել: «Ընդհանուր պետության» առաջարկն ինչ էր՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց փորձը միշտ եղել է այս երկու սկզբունքներն «ամուսնացնելը»։ Եվ հանկարծ Վաշինգտոնում Ալիևը (խմբ. նկատի ունի Հեյդար Ալիևին) ինձ ասում է՝ եկեք իրարից պոկվենք, իրարից անջատվենք։ Եվ այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել համանախագահողների կարծրատիպը։ Ես մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրաձայնի համանախագահողների առջև, ուրեմն մենք այս կաղապարված վիճակից դուրս ենք գալու։ Եվ, այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի, որ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Պրոցեսը շահավետ էր մեզ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ հնարավորություն է լինելու այս քննարկումները բերել մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ եմ համոզված եղել, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր 6 շրջան, այդ մոտիվացիան կար, որովհետև ինքը ստանալու բան ուներ։ Սա էր ամբողջ մեր տրամաբանությունը»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը։

 Խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Երևանում ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ հանդիպման մասին՝ Քոչարյանն ասաց, որ այդ հանդիպման ժամանակ Թալբոթը որևէ առաջարկ չի ներկայացրել։ 

«Թալբոթը չի եկել որևէ առաջարկով այդ հանդիպմանը, որևէ առաջարկ ԱՄՆ-ի կողմից չի եղել։ Ընդհանրապես ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր՝ առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից, և երբ բերում էին առաջարկ, սովորաբար գալիս էին համանախագահողները։ Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել էր Հայաստան՝ հասկանալու համար, թե իսկապես դա այդպե՞ս է, թե՞ չէ և Ալիևի ու մեր ընկալումները այդ բանակցություններից նո՞ւյնն են, թե՞ նույնը չեն։ Մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք, այո, սա ընդունում ենք կամ չենք ընդունում կամ ընդունում ենք վերապահումներով»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ երկու տարի տևած գործընթացում միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ գրավոր առաջարկ Մինսկի խմբի համանախագահողների կողմից չի եղել։ 

Քոչարյանը հավելեց, որ Ալիևն առաջարկում էր Մեղրին ու ԼՂ-ն փոխանակելու տարբերակը, իսկ ինքն առաջարկում էր այլ տարբերակներ, բայց իր համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմի իր այդ մոտեցման մասին համանախագահողներին։ «Ես չէի հավատում նույնիսկ, որ նա դա քննարկում էր, ասում էի՝ վաղը հրաժարվելու է, հետ է քաշվելու»,- նշեց Քոչարյանը։ 

ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ ինքը բանակցությունների ժամանակ ոչ այո էր ասում, ոչ մերժում էր, փորձում էր զգուշավոր լինել և այնպես անել, որ թեման շարունակվի, բայց առանց պարտավորությունների։ 

Անդրադառնալով այդ գործընթացին Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ վկայություններին, որոնք առկա են ԱՄՆ պետդեպի փաստաթղթերում՝ Քոչարյանն ասաց, որ Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ ինքն այդ ընթացքում երկու անգամ հանդիպել է, և այդ թեմայի շուրջ որևէ բանակցություն չի եղել։ 

«Ես այդ փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան որևէ կերպ չի երևացել, երկու անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես այդ թեման չի քննարկվել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

 Խոսելով շրջանառվող խոսակցությունների մասին, թե այդ հարցը համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ՝ Քոչարյանը մանրամասնեց. «Թալբոթի պատվիրակության գալուց երկու շաբաթ առաջ ես եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է այլ հարցեր քննարկեի։ Հանդիպումը պետք է տևեր 1-1.5 ժամ, տևել է 5 րոպե, Ելցինը վատառողջ էր, լավ չէր վիճակը։ Այս հարցի վերաբերյալ նա ինձ ասաց՝ Ալիևի հետ խոսակցություն  եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից։  Ես հարցրել եմ՝ Դուք մանրամասներին տեղյա՞կ եք, թե՞ ոչ, նա ասաց՝ ոչ, ընդհանուր գծերով։ Եվ մենք պայմանավորվել ենք ինչ-որ մի պահի հանդիպել և ավելի մանրամասն խոսել այդ թեմայով։ Եղել է դրական ազդակ, բայց որևէ քննարկում չի եղել Ելցինի հետ»։ 

Խոսելով պետդեպի փաստաթղթերում առկա հիշատակման մասին, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը տեղյակ չի եղել բանակցությունների որոշ մանրամասներից՝ Քոչարյանը վստահեցրեց, որ Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ է եղել։ 

«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, Վազգեն Սարգսյանը վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում, այն ժամանակ որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի»,- ասաց Քոչարյանը։ 

Հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղար Թալբոթն այդպիսի տպավորություն ստացել, որ Վազգեն Սարգսյանը որոշ մանրամասների տեղյակ չէ, ինչի մասին պատմել է Թուրքիայի նախագահին, Քոչարյանը պատասխանեց. «Ինքը դա պատմել է Դեմիրելին, ես ձեզ ասում եմ, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից՝ բոլոր մանրամասներով»։ 

Քոչարյանը նաև հավելեց, որ Վազգեն Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սկզբից մինչև վերջ ներկա է եղել իր և ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ հանդիպմանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728