Եթե հնարավոր է, մենք ունենք մի շարք դրական փոփոխություններ, որոնք կուզեի հաջորդթիվ ցույց տալ, բայց առաջինը կուզեի խոսել դեպքի մասին, որը տեղի է ունեցել նախորդ ամիս: Մենք անցած ամիս Ամիրյան-Քոչինյան- Զաքյան փողոցը նախորդ տարի ամբողջովին վերանորոգել էինք և միջին նորոգման աշխատանքներ էինք արել, և նախորդ ամիս հայտնաբերեցինք, որ չարտոնված ասֆալտբետոնե ծածկի քանդման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, Երեւանի ավագանու հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:
«Դրանք հավանաբար իրականացվել են գիշերային գիշերային ժամերին, քանի որ տեսանելի չեն եղել: Բացի նրանից, որ արտոնված չեն եղել այս աշխատանքները, նաև տեսնում եք, թե ասֆալտբետոնե ծածկի վերականգնումը ինչ որակով է արվել: Այսինքն կարելի է ասել՝ ասֆալտի ամբողջականությունը խախտվել է և եթե հավելյալ լուծումներ չանենք, այստեղ կունենանք հավելյալ ճաքեր և փոսեր այս հատվածում։
Նաև ուզում եմ նշել, որ եզրաքարերի և հողային հատվածի մասով են տեղի ունեցել շինարարական աշխատանքներ, և կանաչապատման ՀՈԱԿ-ի գործընկերներին խնդրեցի, որպեսզի իրականացնեն քանդման աշխատանքներ: Այստեղ մենք հայտնաբերել ենք հոսանքի լարեր, դժվար է իհարկե պնդել, թե որ կազմակերպություն է կամ միգուցե ինչ-որ մասնավոր կազմակերպություն է այս աշխատանքը արել, բայց ես կխնդրեմ, պարոն քաղաքապետ, այսօր, այսուհետեւ նման դեպքերը տեսնելուց հետո մենք դիմենք իրավապահ մարմիններին, որ պարզենք, թե ովքեր են համայնքային ունեցվածքը այս այս տեսքով փչացնում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք միջին նորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելուց առաջ տնտեսվարողներին տեղեկացնում են:
Լևոն Հովհաննիսյանը եւս մեկ դեպքի մասին ներկայացրեց, այս անգամ Կոմիտասի պողոտայում. «Այստեղ իրականացվել են քանդման աշխատանքներ և գազի խողովակի միացման աշխատանքներ: Տեսեք՝ ինչ որակով է ճանապարհը վերականգնել։ Սա մասնավոր կազմակերպություն է, որը թույլտվություն ունի, բայց ես վարչական շրջանի ղեկավարի և կոմունալ վարչության պետի հետ հայտնաբերել եմ և մենք պարտադրելու ենք, որպեսզի վերականգնի այս կատարված աշխատանքը»:
Փոխքաղաքապետը ներկայացրեց եւս երկու հատված, որտեղ ասֆալտը քանդել է ՀԷՑ-ը եւ նորմալ չի վերականգնել:
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Զաքյան և Ամիրյան փողոցները ամբողջապես միջին նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ են արվել և անթույլատրելի է դառնում որևէ տեսակի միջամտությունը այդտեղ: Նամանավանդ առանց թույլտվության, այդպես գիշերով, գողեգող: Այդտեղ, այո, համապատասխան միջոցներ մենք պետք է ձեռնարկենք»: