Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար

Կառավարությունը գիտակցում է քրեական ենթամշակույթի վտանգավորությունը, հատկապես երիտասարդների շրջանում վարքագծային խեղման առումով։  Կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին՝ թե ի՞նչ աշխատանք է կատարվում քրեական ենթամշակույթը Հայաստանում արմատախիլ անելու համար։

Ներկայացնելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արփինե Սարգսյանը ասաց, որ  2020-2024 թթ. ընթացքում իրականացվել է 89 քրեական վարույթ, որոնցից մի մասը արդեն ուղարկվել է դատարան, իսկ մյուս մասով նախաքննություն է ընթանում։

«Նշեմ, որ այստեղ խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացուցի վերածելու մասով, որովհետև շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, այստեղ շատ կարևոր է տվյալը վերածել ապացույցի և պրակտիկայում ունենում ենք խնդիրներ հենց այս մասով։ 

Հընթացս նաև քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական այս կարգավորման մեջ պետք է կատարենք որոշակի փոփոխություններ, որպեսզի կարողանանք նաև կարգավիճակն ունենալն ինքնին դիտարկել քրեական պատասխանատվության առարկա։

Այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ ստանալու, տալու և պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը և ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործությունը։Այս պահի դրությամբ վարչապետի հանձնարարությամբ մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակն ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա»,- ընդգծեց Սարգսյանը։

Սարգսյանը նաև ընդգծեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն իրականացվելու է ոչ միայն օրենսդրական փոփոխությունների միջոցով, այլև հանցավորության կանխարգելման և կրթական ծրագրերի բարեփոխման ճանապարհով։

«Կարծում եմ, որ հետևողականությունն է բացառապես, որ թույլ կտա հեռանկարում ունենալ որոշակի վարքագծային փոփոխություններ այս տեսանկյունից»,-եզրափակեց նախարարը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728