Պետք է երկարաժամկետում հրաժարվենք շրջանառության հարկից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին: 

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ:»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երկրներն ունենում են հարկային մեկ միասնական համակարգ:

«Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, պետք է հարկվենք, պետք է մենք բոլորս պատշաճ հարկվենք: Հարկը մարդու ձեռքից տանել չէ, քանի որ այդ հարկերով այդ նույն մարդկանց կարիքներն են հոգում: Ինչքան էլ ասեն՝ պարգևավճար է տրվում, այդ ամեն ինչը պետական բյուջեի չնչին տոկոսն է: Տնտեսական ցանկացած բանաձևի մեջ գործառնական անխուսափելի ծախսեր կան: Եկեք չխառնենք ամեն ինչ իրար»,–ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ այդ հարկերից գոյացած գումարներով ճանապարհ է կառուցվում ու շատ այլ խնդիրներ են լուծվում: Եվ դա պետական պարտավորություն է:

«Երկարաժամկետում իմ կարծիքն այն է, որ մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք շրջանառության հարկից: Կամ ավելացված արժեքի հարկից պետք է հրաժարվենք, որն իրատեսական չէ: Չենք կարող մեր տնտեսության՝ հարկեր գեներացնող ամենամեծ հատվածը դնենք, փոխենք: Չենք կարող դրանից հրաժարվել, որովհետև առնվազն մի քանի տարի մենք ճեղք կունենանք: Երկարաժամկետում, միջնաժամկետում մենք պետք է ընդհանրապես շրջանառության հարկից հրաժարվենք»,–ասաց նա:Փաշինյանն ընդգծեց նաև հարկերի հաշվառումը հնարավորինս պարզ դարձնելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728