ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատվել շտաբի կազմը:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 2025 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝
1) կազմակերպել հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ»,- ասված է որոշման մեջ:
Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) անհատական կազմը
Դավիթ Խուդաթյան — Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)
Կամո Ցուցուլյան — Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության պետ
Եղիազար Վարդանյան — Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Նարեկ Մանուկյան — Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Լևոն Հակոբյան — Առողջապահության նախարարի տեղակալ
Աննա Ժամակոչյան – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Արամ Ղազարյան — Լոռու մարզպետ
Արմեն Գրիգորյան — Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար
Էդուարդ Պետրոսյան — Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է: Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։
Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29֊ը քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում:
Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։