Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ԱՄՆ նախագահին հիշեցնում է նրա հայտարարություններն ընտրարշավի ժամանակ:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Միացալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա միջամտությունը խնդրելով Ադրբեջանում բանտարկված հայերի ազատագրման հարցում:
Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրության համաձայն՝ Արամ Ա Վեհափառը ողջունում է «ոսկե դարաշրջան» բացելու և խաղաղության համար աշխատելու Թրամփի խոստումը, ապա ԱՄՆ նախագահին հիշեցնում «ընտրապայքարի ընթացքում նրա կատարած դատապարտումը՝ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու բռնագաղթի, ինչպես նաև արցախահայության վերադարձի իրավունքի շեշտումը»:
«Վեհափառ Հայրապետը նախագահի ուշադրությունն է հրավիրում համայն հայությանը ցավ ու ընդվզում պատճառող Արցախի քաղաքական ապօրինի բանտարկյալների վրա, որոնց շարքում՝ նախկին նախագահներ, վարչապետներ և պետական բարձրաստիճան պատասխանատուներ, Բաքվում դատավարությունը, որը տեղի է ունենում դռնփակ ու առանց միջազգային դիտորդների ներկայության և առանց դատական հստակ գործընթացի», — ասված է հաղորդագրությունում:
Արամ Ա կաթողիկոսը Թրամփին գրում է, որ «հայ ժողովուրդը մեծապես կգնահատի նրան, եթե անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի նախագահ Ալիևին՝ շուտափույթ կերպով և առանց պայմանի ազատ արձակելու բանտարկյալներին»։ «Նման քայլը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ամբողջ տարածաշրջանում խաղաղության գործընթացին, Արցախի հայերի Արցախ վերադարձի ուղղությամբ դրական պայմանների ստեղծմանը, ինչպես նաև շոշափելի արտահայտությունը կլինի նախագահ Թրամփի խաղաղության առաքելության», — ընդգծում է Արամ Ա Վեհափառ Հայրապետը:
ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը զանգահարել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, վերահաստատել իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։
Հեռախոսազրույցից մոտ տասն օր առաջ էլ Թրամփը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնեն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- մասնավորապես գրել էր նա միևնույն ժամանակ քննադատել իր մրցակից, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: