Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից:
Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը: Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար:
Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունը ներկայացրել է մի խումբ առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են: Մինչև երկրորդ ընթերցում դրանք ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է առաջարկները:
Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Օրենսդրական փաթեթով աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, դրանց ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները: ՀՀ պաշտպանության պլանում ներառվում է ՀՀ տարածքային պաշտպանության պլանը: