Զորակոչիկները, որոնք ունեն առողջական խնդիրներ և ներգրավվում են Զինված ուժեր, ծառայության պայմանները հանգեցնում են խնդիրների սրմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
Նա նշեց, որ ծառայության ընթացքում պայմանները փոխվում են. քաղաքացիական կյանքում նույն առողջական խնդրով անձը կարող է նորմալ ապրել, բայց զինվորական ծառայության ընթացքում, երբ ավելի բարդ պայմաններում է ծառայությունն անցկացնում, խնդիրները կարող են սրվել։
«Ունենում ենք նմանատիպ բողոքներ, լինում են դեպքեր, երբ անձը ճանաչված է լինում սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, հետագայում պիտանիության աստիճանը փոխվում է, վաղաժամկետ արձակվում է»,- ասաց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը։
Ա.Եղոյանի խոսքով, բոլոր զինծառայողների կյանքի, առողջության ուղիղ պատասխանատուն պետությունն է։
«Տարկետումներ տրամադրելն ինքնանպատակ բնույթ չեն կրում։ Կառավարության վերջին որոշմամբ, երբ որ փոփոխություններ կատարվեցին, ունեցանք մի իրավիճակ, որ անձը նույն առողջական խնդրով տարկետում էր ստացել, պահպանված նույն առողջական խնդրով արդեն ճանաչվում է սահմանափակումով պիտանի և ներգրավվում է Զինված ուժեր։
Մեր դիրքորոշումը ներկայացրել ենք նախագծի վերաբերյալ։ Շատ կարևոր է Զինված ուժեր ներգրավել առողջական վիճակով պիտանի այնպիսի քաղաքացիների, որոնք հետագայում և պետության համար կարողանան պիտանի լինել, և առողջական վիճակը ծառայության ընթացքում չսրվի։
Երբ որ պետությունը կունենա պայմաններ անձանց համար՝ համադրելի առողջական վիճակին, նոր կարող ենք խոսել համակարգի ամբողջական կայացման մասին»,- ասաց Ա. Եղոյանը։