«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 26-ին կայացավ «Ապագա» փաստագրական ֆիլմ պրեմիերան։
Ֆիլմի ռեժիսորը ֆրանսահայ Ալեքսիս Փազումյանն է։ Ֆիլմը ստեղծվել է Yandex Armenia-ի և Kinopoisk-ի և աջակցությամբ։
Ֆիլմի հերոսները հայրենադարձներ, արվեստագետներ, գիտնականներ ու ստեղծագործողներ են, որոնք իրենց աշխատանքով կառուցում են Հայաստանի ապագան։
«Իմ նախորդ ֆիլմերը հիմնականում կենտրոնացած էին Լեռնային Ղարաբաղի պատերազմի վրա, և ինձ համար շատ կարևոր էր ստեղծել մի նոր ֆիլմ, որն աշխարհին կպատմի մեր նոր սերնդի, մեր տաղանդավոր հայերի մասին։ Այսօր միջազգային հանրությունը Հայաստանը հաճախ տեսնում է պատերազմի պրիզմայի միջոցով, բայց Հայաստանը միայն դա չէ։ Մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն ենք, և իմ ցանկությունն է, որ մարդիկ արտերկրում, թեկուզ իմ փոքրիկ ֆիլմի միջոցով, տեսնեն այն տաղանդն ու էներգիան, որով մարդիկ աշխատում են այս երկրի զարգացման համար»,– լրագրողների հետ զրույցում նշել է ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը։
Ֆիլմի երեք հերոսներին միավորում է նույն նպատակը՝ աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայկական մշակույթը, ցույց տալ մեր երկրի տաղանդավոր ներուժն և հնարավորությունները։
Հերոսներից Քայլ Խանդիկյանը, որը ծնվել է Լոս Անջելեսում, 10 տարի առաջ Հայաստան է տեղափոխվել եւ նախաձեռնություն սկսել, որը նոր կյանք է տվել հայկական ձեռագործ գորգագործությանը։ Նրա ստեղծած կայքի միջոցով Հայաստանի հեռավոր գյուղերի կանանց հյուսած գորգերը վաճառվում են՝ հասնելով աշխարհի մինչեւ ամենահեռավոր կետեր։
«Եկա Հայաստան, սիրահարվեցի գորգերին եւ հասկացա, որ ուզում եմ գորգերով զբաղվել։ Բայց երբ խորացա ոլորտի մեջ, հասկացա, որ, ցավոք սրտի, հիմա մարդիկ գյուղերում, մարզերում գրեթե այլեւս չեն գործում գորգեր, ինչպես, օրինակ, մի սերունդ առաջ: Բայց երբ տեսա, որ դեռևս կան պրոֆեսիոնալ գորգագործներ գյուղերում, որոնք տեսանելիության լուրջ խնդիր ունեն տեղական և միջազգային շուկաներում, հասկացա, որ այդ խնդիրը ես կարող եմ գուցե ինչ-որ փոքր չափով լուծել։ Այդ պատճառով էլ ստեղծեցի առցանց խանութը»,– պատմեց Քայլ Խանդիկյանը։
Ֆիլմի երկրորդ հերոսը համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։ 18 տարեկանում նրա հիմնադրած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այս տարիների ընթացքում հաջողությամբ ելույթ է ունեցել աշխարհի լավագույն դահլիճներում՝ ներկայացնելով հայկական երաժշտությունը միջազգային լսարանին։ Բացի այդ, Սմբատյանի նախաձեռնած կրթական ծրագրերը հարյուրավոր երեխաների հնարավորություն են տալիս բացահայտել դասական երաժշտության աշխարհը և իրենց ապագան տեսնել հենց Հայաստանում։
Երրորդ պատմության հերոսը՝ Գայանե Հակոբյանը, Հայաստանում առաջին անալոգային տիեզերական առաքելության ղեկավարն է։ Գերմանիայում ստացած գիտելիքներով նա Հայաստան է վերադարձել՝ նպատակ ունենալով տիեզերական արդյունաբերության մեջ ներգրավվելու հնարավորություններ ստեղծել երիտասարդ հայ գիտնականների համար։
«Խոսելով նույնիսկ մասնագետների հետ, տեսնում եմ թերահավատություն տիեզերքի տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ։ Այդ պատճառով փորձում եմ Հայաստանում ցույց տալ, սկսելով երեխաներից, ակադեմիայից, թե ինչպիսի ապագա կարող է ունենալ Հայաստանի տնտեսությունը, եթե թևակոխի տիեզերական տեխնոլոգիաների ոլորտ և եվրոպական տիեզերական գործակալության ծրագրերի մաս դառնա»,– լրագրողների հետ զրույցում նշեց Գայանե Հակոբյանը։
Ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի ֆիլմերը ներկայացվել են խոշոր միջազգային կինոփառատոններում (Cph:Dox, ICA London Film Festival, ինչպես նաև հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոն)։
«Ապագա» ֆիլմի պրեմիերան Kinopoisk-ում կկայանա նոյեմբերի 27-ին։







































