Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրատ Խիկմատուլինը։ Գուսովը մահացել էր «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո:
Գործարարն անցյալ տարվա փետրվարին, խմելով «Ջերմուկ» հանքային ջուրը, մահացել էր այրվածքներից. պարզվել էր՝ ապակե շիշը պարունակում էր քացախաթթու, որն օգտագործվում է շրջանառությունից վերադարձված ապակե շշերը լվանալիս։
Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման և դրա հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ։ Գուսովի այրին և դուստրերը հայց են ներկայացրել ընդդեմ հանքային ջուր արտադրող ընկերության, որպես մեղադրյալներ նշված են «Ջերմուկ Գրուպ»-ը և անհատ ձեռներեց Իգոր Ալեքսանդրի Իսուպովը: Դեկտեմբերի վերջին Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարանն ընթացք չի տվել հայցին։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հունվարի 20-ին հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռուսական կողմին ներկայացրել է Ջերմուկ հանքային ջրի միջազգային չափանիշներին համապատասխանության ապացույցներ։ «Ջերմուկ Գրուպ»-ը Գուսովի ընտանիքի հայցն անհիմն է որակել:
«Քրեական գործը կասեցվել է: Որքանով տեղյակ ենք՝ հետաքննությունը հարցումներ է ուղարկել Հայաստան դեռևս անցյալ տարվա մայիսին, սակայն պատասխանող կողմն անտեսում է այդ հարցումները, թեև ընկերությունը պետք է շահագրգռված լինի լիարժեք քննությամբ և իր հեղինակության պաշտպանությամբ», — ասել է փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ գործի կասեցումից հետո ուսումնասիրվել են նյութերի պատճենները, նախապատրաստվել է քաղաքացիական հայց:
Հիշեցնենք, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հունվարի 20-ին հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «ռուսական լրատվամիջոցներով «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ոչ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ոչ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից (այդ թվում ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից իրականացված) որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»:
Ընկերությունը նշել է, որ մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացառվում է կապը «Ջերմուկ» հանքային ջրի և ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև, հետևաբար և բացառվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության մեղքը:
«Ավելին, Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված անձ:
Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա: Բազմաթիվ ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։
Վերը նշված ապացույցների բավարար լինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՌԴ ամբողջ տարածքում վերացվել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները։
Հուսով ենք՝ քրեական գործի օբյեկտիվ քննության արդյունքում ևս մեկ անգամ կփաստվի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության անմեղությունը», — ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ Գուսովի մահվանից հետո «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին դատի են տվել և պահանջում են 1,5 միլիարդ ռուբլի։ Ըստ հաղորդագրության՝ գործարարի մահվան հիմնական պատճառը համարվում է հանքային ջուրը, որի մեջ, ըստ լրատվամիջոցի, եղել է քացախաթթու։