Հուշագրի շրջանակում պեղումներ են իրականացվել Հատիս լեռան գագաթին, ամբողջությամբ առանձնացվել է հուշարձանի հատվածը և ճանաչվել որպես նորահայտ հուշարձան: Այդ մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների ընթացքին և դրա շրջանակում իրականացված պեղումներին:
«Չգիտեմ՝ որտեղ է տեղադրվելու, բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու, դրանում կարող եմ վստահեցնել, որովհետև պեղումներն արվել էին նաև այն պատճառով, որպեսզի կարողանանք այդ իմաստով նաև հուշարձանի ամբողջ տարածքը պատկերացնել»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով պեղումների արդյունքներին՝ Անդրեասյանը հույս հայտնեց, որ տարածքը կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր:
«Պետք է ասեմ նաև, որ հետաքրքիր գտածոներ ունենք, հին մետաղադրամներ. կիկլոպյան ամրոցի մասին է խոսքը: Ես ինքս եղել եմ պեղումների տարածքում, և կարծում եմ, որ դա կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր»,- ասել է նա: