100 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջիմի Քարթերը Ջորջիայում գտնվող իր տանը, հայտնել է նրա հիմնադրած հիմնադրամը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ նշել է, որ «Ամերիկան և աշխարհը կորցրեցին արտակարգ առաջնորդի, պետական և մարդասիրական գործչի»: Բայդենն ասել է՝ կհրամայի, որ Քարթերի հուղարկավորությունը տեղի ունենա Վաշինգտոնում, թեև դեռ չի նշել ամսաթիվը:
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական հարթակում գրել է, որ «Մարտահրավերները, որոնց Ջիմին բախվել է որպես նախագահ, եղան մեր երկրի համար բեկումնային ժամանակաշրջանում, և նա ամեն ինչ արեց բոլոր ամերիկացիների կյանքը բարելավելու համար»:
Քարթերը ռազմածովային ուժերի նախկին սպա է, Ջորջիա նահանգի սենատոր և նահանգի նահանգապետ: 1976 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահական ընտրություններում։ Նա հաղթել է հանրապետական Ջերալդ Ֆորդին:
Նա ղեկավարել է Միացյալ Նահանգները 1977-1981 թվականներին։ Ջիմի Քարթերի նախագահությունը նշանավորվել է մի շարք ձախողումներով. «Tree Mile Island» ատոմակայանում տեղի ունեցավ միջուկային վթար, Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումը և ամերիկյան հատուկ ջոկատների կողմից անհաջող հարձակումը: Նրա օրոք ԱՄՆ-ն ուներ 20-րդ դարում գնաճի ամենաբարձր ցուցանիշը։ Միաժամանակ նա զգալի հաջողությունների է հասել միջազգային քաղաքականության մեջ։
Քարթերի օրոք ԱՄՆ-ը համաձայնեց Պանամայի ջրանցքը փոխանցել Պանամայի վերահսկողությանը` զգալիորեն բարելավելով հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների հետ (Հանրապետական կուսակցությունը քննադատում է այդ համաձայնագրերը): ԽՍՀՄ-ի հետ ստորագրել է ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիր։ 1978 թվականին նա ձեռք բերեց պատմական խաղաղության պայմանագիր Իսրայելի և Եգիպտոսի միջև:
Քարթերը ԱՄՆ առաջին նախագահն էր, ով աջակցում էր այլընտրանքային էներգետիկայի նախագծերին։ Նա աջակցում էր փոքրամասնությունների իրավունքներին՝ խթանելով խտրականության դեմ օրինագծերն ու նախաձեռնությունները:
1980-ի ընտրություններում Ռոնալդ Ռեյգանից պարտվելուց հետո նա հիմնեց հիմնադրամ, որը նվիրված էր ժողովրդավարական և մարդասիրական արժեքների առաջմղմանը:
2002 թվականին նա ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ իր աշխատանքի համար «աշխարհում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և մարդու իրավունքների համար պայքարելու ջանքերի համար»։