«Համեմատ նախորդ տարվա սակագների, այս տարի որևէ թանկացում չի նախատեսվում»։
Այս մասին Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով կարմիր գծերի սակագների վերաբերյալ ընդդիմության դժգոհություններին։
«Ինչ վերաբերվում է դատարանի որոշմանը, դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք կարտահայտենք վերաքննիչ բողոքում, իմաստ չկա, որ հանրային կերպով անդրադառնամ ու ասեմ, որ դատարանը որևէ հարցում սխալվել է։
Դատարանը մերժել է գումարները վերադարձնելու պահանջը։ Իսկ երկրորդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, երբ որ ասում են՝ քանի դեռ կա որոշում, բայց չկա որոշում»,- նկատեց նա։
Նրա խոսքով՝ դատարանը տրամադրված էր բավականին արագ քննել այս գործը․ «Բայց մյուս կողմից էլ ոչ մեկի համար գաղտնի չէ, որ այսօր դատարանները ծանրաբեռնված են, ու կարող է տևական ժամանակ տևել այս գործընթացը»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր․
«Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝
1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»։