Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1–ից սահմանված դրույքաչափերի որոշումը

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու ավագանու որոշումը: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: 

«ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է»,–գրել է Կոստանյանը:

 Նա հավելել է, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։

2024-ի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել էին նոր դրույքաչափեր, որոնք հաշվարկվում էին ըստ քաղաքի գոտիավորման:

 «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա` 5 000 դրամ, մեկ ամսվա՝  18 000 դրամ, իսկ մեկ տարվա` 160 000 դրամ:

 «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա՝ 2000 դրամ, մեկ ամսվա` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24000 դրամ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031