Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը հավաստիացնում է, որ իր՝ մարզպետի պաշտոնից ազատվելը պայմանավորված է թիմային վերադասավորումներով։ Մուշեղ Մուրադյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Հարցը թիմային վերադասավորումներն են։ Դրա համար եմ որոշել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, ինչը բնական, նորմալ երևույթ է»,-նշեց Մուշեղ Մուրադյանը:
Լրագրողները նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանին հարցրեցին, թե ազատման դիմում գրելը պայմանավորվա՞ծ է Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի դասասենյակը ԶՈՒ ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով անվանակոչելու հետ։ Մուշեղ Մուրադյանը նշեց, որ ազատման դիմում գրելը կապ չի ունեցել կառավարության նիստում նկատողություն ստանալու հետ։
«Նկատողությունն ամենևին կապ չուներ։ Նկատողություն ստացել եմ, նկատողություն հայտարարել է իմ ղեկավարը։ Ցանկացած մարմին, ցանկացած կազմակերպության ղեկավար իր աշխատակցին և՛ խրախուսում է, և՛ նկատողություն է տալիս, դա աշխատանքային բնականոն գործընթաց է»,-հավելեց նախկին մարզպետը։
Անդրադառնալով իր պաշտոնավարման տարիներին արված աշխատանքներին՝ Մուշեղ Մուրադյանը նշեց, որ այդ տարիներին Շիրակի մարզում մեկնարկել է «38 դպրոց և 38 մանկապարտեզ» ծրագիրը, որը կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի բաղադրիչն է։ Մարզում նշված հաստատությունների մի մասը վերանորոգվում է, հիմնանորոգվում, մյուսները՝ հիմնովին կառուցվում։
«2023 թվականին Շիրակի մարզի համայնքների սեփական եկամուտները նախորդ տարվա համեմատ 1 մլրդ 440 մլն դրամով ավելացել են, ինչը շատ մեծ ձեռքբերում է։ Վստահ եմ, որ այս տարի նույնպես մարզի համայնքները կունենան ավելի շատ սեփական եկամուտներ»,-հավելեց Մուշեղ Մուրադյանը։
Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, իսկ դեկտեմբերի 19-ի նիստում Կառավարությունը Շիրակի մարզպետի պաշտոնում հաստատեց Դավիթ Առուշանյանի թեկնածությունը, որը մինչ այդ հրաժարվել էր ԱԺ պատգամավորի մանդատից։ Դավիթ Առուշանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։