Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել 2024 թվականի մնացած մասը վնասվածքի պատճառով, որը ստացել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում (3:2)։ Այս մասին հայտնում է TyC Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կիլիանի վնասվածքի բնույթը դեռ պարզված չէ, սակայն նշվում է, որ մկանային թեկուզ աննշան անհարմարության դեպքում ֆրանսիացին չի մասնակցի «Ռայո Վալյեկանոյի» հետ Լա Լիգայի հաջորդ հանդիպմանը (դեկտեմբերի 14), և կարող է բաց թողնել նաև Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչը (դեկտեմբերի 18):
Ավելի լուրջ վնասվածք ստանալու դեպքում Մբապեն բաց կթողնի Լա Լիգայի 2024 թվականի վերջին հանդիպումը «Սևիլիայի» հետ, որը կկայանա դեկտեմբերի 22-ին։
Ֆուտբոլիստն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, բուժզննում կանցնի:
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։