Սիրիայում տեղի ունեցածը նաև Ռուսաստանին է անակնկալի բերել, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Տեղի ունեցածն ընդհանուր առմամբ թերևս ողջ աշխարհին է զարմացրել, մենք էլ տվյալ դեպքում բացառություն չենք», — ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «այս կամ այն կերպ շարունակելու է» խորհրդակցությունները Թուրքիայի և Իրանի առաջնորդների հետ՝ Սիրիայի իրավիճակի հարցով։
Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա ժամերին արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու սիրիական զարգացումները։
Թրքամետ խմբավորումների կողմից Բաշար ալ-Ասադի երկարամյա իշխանության տապալումից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները կանցկացվեն փակ դռների հետևում, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։