«Մենք պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության ինքնիշխանության շատ կարևևոր հատկանիշ է»։
Այս մասին Ազգային ժողովում իր 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև զուգահեռներ անցկացրեց․
«Կառավարությունը բաղկացած է 14 անդամից, ի՞նչով են Հայաստանի կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերում ՀՀ քաղաքացի հանդիսացող ուրիշ ցանկացած 14 հոգուց։ Միայն մի բանով, որ այդ 14 հոգին կառավարում է երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները, միջոցը, որը Հայաստանի պետական բյուջեն է։
Ես կուզենայի, որ մենք պետական բյուջեյին նայենք այս տրամաբանությամբ՝ պետություն, պետականություն ասելով, անկախություն ասելով՝ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջեն, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է»։
Վարչապետը կրկնեց՝ Հայսստանում չկա նույնիսկ մի մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեի միջոցներ չեն ծախսվում, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ քաղաքացի և բնակվող, այլ նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ու ՀՀ-ում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար չի ծախսվում կոնկրետ գումար։
Նրա խոսքով՝ ՀՀ պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է, բոլորս պետքէ այդ ընկալումը խորացնեն․ «Պետական բյուջեն մեր բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է և սա պետության ու պետականության կարևորագույն հատկանիշն է»։