Երևանի վերջնական աղճատում. բաց նամակ ՀՀ վարչապետին

Օրբելի եղբայրներ 23 հասցեի բնակիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

 Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել Օրբելի եղբայրներ 23 հասցեում «Ռենշին» ընկերության կողմից իրականացվող «Սքայլայն» զազրելի նախագծի վրա, որը վստահաբար կբերի մեր մայրաքաղաքի իսպառ աղավաղմանն ու աղճատմանը’ միևնույն ժամանակ առաջացնելով նաև հազարավոր բնակիչների կյանքի անվտանգության խնդիր։

 Ելնելով ՀՀ Սահմանադրության Հոդված 3, կետ 2-ից, այն է’ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:», ձեզ ենք դիմում հուսով, որ  կկարողանաք լուծել այս խնդիրը’ չեղարկել վերոնշյալ նախագիծը, և արդարացիորեն պաշտպանել Հայաստանի հպարտ քաղաքացիների իրավունքները և ապահովել անվտանգությունը։

 «Սքայլայն» նախագիծը, ինչպես կառուցապատողներն են անվանում, քաղաք է քաղաքի մեջ, որը կունենա 5 հատ 35-հարկանի շենք և բազում ենթակառուցվածքներ։

 Սկսենք նրանից, որ նման «քաղաք» կառուցելու համար նախ պետք է լինեն բազմակողմանի քննարկումներ’ ամենատարբեր մասնագետների հետ համատեղ, ինչպես նաև հաշվի առնվեն քաղաքացիների կարծիքը, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, ինչպես որ դուք նույնպես մշտապես հավաստիացնում եք։ Մինչդեռ, առանց այդ ամենի, քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդն այս նախագծին դրական եզրակացություն է տվել, իսկ «Ռենշին»-ը վաղուց արդեն առաջարկում է բնակարաններ, դեռևս չունենալով շինարարական թույլտվություն։

 Ներկայացնենք հիմնավոր խնդիրներից ընդամենը մի քանիսը.

1. Երևանը սեյսմակայունության առումով մշտապես եղել է և կա խիստ անկայուն գոտի, իսկ հատկապես ձորի եզրին երկնաքերներ կառուցելը բազմապատկում է առկա ռիսկերը։ Անշուշտ, կառուցապատողը հավաստիացնում է, որ այդ ամենը հաշվի է առնված և որ ինժեներիան նախագծվել է համաշխարհային հեղինակավոր ընկերության կողմից, թեպետ տվյալ ընկերությունն այդպես էլ չհաստատեց մեր հարցումը «Սքայլայն» նախագծում իրենց մասնակցության վերաբերյալ։ Դեռ ավելի, այստեղ կա ակնհայտ սուտ է. Ինչպես իրենք են փաստում իրենց կայքում, ճարտարապետությունն իրականացվում է միջազգային laguarda.low ընկերության կողմից, այնինչ իրականում հայկական «ԿԵՏ ԱՐՔԻԹԵՔԹ» ՓԲԸ-ի կողմից, ճարտարապետն է Նարբեհ Սոլեիմանի Բեդրոսյանը, ով հանրային դաշտում դեմ է հանդես գալիս իր իսկ նախագծին։

2. Ըստ տվյալ բարձրահարկերի տեղակայման հատակագծման, շենքերը գտնվում են բակային փակուղում, որը հակասում է ՀՀՇՆ2021 թ նորմատիվային որոշման 45-րդ կետին (Բնակելի տունը պետք է տեղակայված լինի մայրուղային ճանապարհի եզրից նվազագույնը 3-5 մետր հեռավորության վրա, իսկ փակուղային բակերից կամ ցածր ինտենսիվության երթևեկությամբ փողոցներից՝ 3 մետր հեռավորության վրա:) և անգամ հրդեհաշիջման համար նախատեսված վերամբարձ կռունկը հնարավորություն չի կարող ունենալ մոտենալու այդ շենքերին՝ արտակարգ իրավիճակների դեպքում։

3. Ըստ նախագծի՝ նախատեսված է բնակելի շինության 0 նիշի մակարդակից ներքև իրականացնել 30 մ խորությամբ մի քանի հարկանի մեքենաների համար նախատեսված կայանատեղի։ Ու այս ամենը կառուցվում է կիրճի եզրին՝ ապահովելով բարձր ռիսկայնություն սեյսմիկ գոտում և տեկտոնային ճաքի մեծ հավանականություն։

4. Քաղաքաշինության կոմիտեի կայքում բացակայում է փորձաքննության դրական եզրակացության որևէ հղում՝ Օրբելի 23 հասցեին վերաբերվող, սակայն քանդման աշխատանքները շարունակվում են, առավել ևս կոնկրետ նշված շենքի հիմքի տեղանքն է փորվում։  (https://www.minurban.am/hy/petpordzaknnutyun):

5. Քանդման աշխատանքներից առաջացած ցնցումներից տուժում են հարակից բնակավայրերի շենքերը։ Առկա են նոր առաջացած ճաքեր՝ բնակարանների պատերին։ Հարևան N 172 դպրոցի 600 երեխա օրեր շարունակ չեն գնացել դպրոց’ չդադարող ցնցումների պատճառով։ Արդյունքում, նվազում է հարևանությամբ գտնվող բոլոր շենքերի սեյսմակայունությունը’ վտանգի տակ դնելով հազարավոր բնակիչների կյանքեր’ մի քանի հոգու նյութական շահի համար։

6. Տվյալ տարածքն ըստ Երևանի գլխավոր հատակագծի համարվում է հատուկ գոտի և նախատեսված չէ բնակելի շենք կառուցելու համար։ Բացի այդ, այն Հրազդանի կիրճի բաղկացուցիչ մասն է, իսկ այդ կառույցներն աղավաղելու են կիրճի ողջ բնական կենսապատկերը, լանդշաֆտը, դեռ չհաշված որ երկար քննարկումներ էին գնում քաղաքապետարանում այդ տարածքը դարձնելու հատուկ պահպանվող գոտի, քանի որ կիրճում հայտնաբերվել են հազարամյակների վաղեմության գտածոներ։

7. Օրբելի փողոցը և Բաղրամյան պողոտան արդեն իսկ գերծանրաբեռնված են, և մի քանի հազար մեքենայի մուտք այնտեղ վերջնկանապես կաթվածահար է անելու երթևեկությունը։

8. Մեր քաղաքի գրեթե բոլոր կոմունիկացիաները գերծանրաբեռնված են, առկա է կոյուղու լուրջ խնդիր, և այդ ֆոնի վրա տվյալ տարածքում ավելացնել 7000-8000 բնակիչ պարզապես անհեթեթություն է, և միանշանակորեն կհանգեցինի հարակից բնակիչների նորմալ կենսապայմանների իսպառ խափանմանը։

9. Կառուցապատողը ցանկանում է Երևանի նոր «սիմվոլներ» կառուցել, իսկ եթե մեր քաղաքի սիմվոլները դրանք պիտի լինեն, ապա բոլորիս վիճակը ողբալի է։ Երևանի սիմվոլներն են Մատենադարանն ու Օպերային թատրոնը, Հանրապետության Հրապարակն ու Կասկադ համալիրը, հոյակերտ բազում մոնումենտալ կառույցներ, որոնք կերտել են հայ հանճարեղ ճարտարապետներն ու քանդակագործները, ուստի մեզ նոր օտարամոլ, Երևանին ոչ սազական «սիմվոլներ» բացարձակապես պետք չեն։

10. Արդեն իսկ ամիսներ տևող փոսորակների փորման աշխատանքներն առաջացնում են թույլատրելի սահմանը բազմաթիվ անգամներ գերազանցող աղմուկ, փոշի, օդի աղտոտվածություն, իսկ դա խիստ վտանգավոր է առողջության համար:

11. Քաղաքաշինական գրագետ լուծումների պարագայում այստեղ պետք է կազմակերպվեր ռեկրեացիոն կենտրոն՝ 1-2 փոքր ծավալային ձևի տաղավարներով, թենիսի կորտով, խաղահրապարակով և կանաչապատ տարածքով։ Բնակիչները դեմ չեն, որ լքված ռազմական հոսպիտալը վերածվեր հյուրանոցի կամ բիզնես կենտրոնի, սակայն հյուրանոցի առջև պետք է նախատեսել կանաչ գոտի՝ ներդաշնակելով շրջակա միջավայրին։ Դիտարկելով հարևան Վրաստանի ուրբանիզացիան, այնտեղ քաղաքաշինական ինֆրաստրուկտուրան զարգանում է գրագետ և ներդաշնակ։ Պահպանելով պատմական միջուկը, ուղղահայաց ճարտարապետության կառուցապատումը իրականացվում է արվարձաններում։ Տարբեր երկների քաղաքաշինական բազմաթիվ նման օրինակներ կան։ Արդյոք մեզ մոտ բացակայում է նմանատիպ Պետական մտածողությունը։ Ինչու մեզ մոտ թելադրողը պատվիրատուն է։

12. «Սքայլայն» նախագծի իրականացումն իր բնույթով, մեր ենթադրությամբ, նման են ՀՀ Կառավարության 19 մարտի 2015 թ.ի N 596-Ն Որոշման, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 22 մայիսի 2023թ.ի N 04-Ն Հրամանի և 28 դեկտեմբերի 2020թ.-ի N 102-Ն Հրամանի, ՀՀ Ազգային ժողովի 11 նոյեմբերի 1998 թ. ՀՕ-261 Օրենքի բազում  հոդվածների խախտումներին։ Իհարկե, մենք մեզ իրավունք չենք վերապահում դատելու ՀՀ Օրենքների, Որոշումների և Հրամանների հոդվածների վերաբերյալ, բայց ակնկալում ենք, որ ձեր ուղղորդմամբ համապատասխան կառույցները, հիմնվելով իրենց մասնագիտական հմտությունների և պարտականությունների վրա, անաչառ և անկողմնակալ կքննեն տեղի ունեցողը և պատասխանատվության կենթարկեք ՀՀ Օրենքները, Որոշումները և Հրամանները խախտող անձանց և կառույցներին, և իսպառ կչեղարկեն տվյալ նախագիծը։
 
Այս նախագիծը պարունակում է տասնապատիկ ավելի վտանգներ ու ռիսկեր, և ո’չ մասնագետները, ո’չ քաղաքացիները չեն կարողանում կանգնեցնել ընթացքը։

 Ուստի մենք’ Երևանի բնակիչներս, լիահույս ենք, որ դուք ունակ կլինեք  լուծել այս խնդիրը’ չեղարկել այս նախագիծը, որն ընդամենը ծառայում է մի քանի անհատների շահերին և ակնհայտորեն պարունակում է խիստ բարձր կոռուպցիոն ռիսկեր։

 Առկա է հարակից շենքերի բազմաթիվ բնակիչների ստորագրահավաք։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031