Կառավարությունից չեն արձագանքում պաշտոնանկությունների մասին լուրերին

Հայաստանյան լրատվամիջոցները հայտնում են մի շարք պաշտոնանկությունների մասին։ Մասնավորապես, հաղորդվում է, որ աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Կառավարությունից չեն արձագանքում այս հրապարակումներին։

Սակայն, մեկ ժամից ավելի է՝ որևէ մեկը չի հերքել այս տեղեկությունները։

Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների խոսնակները փոխանցել են, որ ճշտելու դեպքում կիրազեկեն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանն «Ազատությանն» ասաց, որ այս պահին նման տեղեկատվության չի տիրապետում։

Պաշտոնյաների հետ կապ հաստատել չի հաջողվում։

Երկու օր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն հայտնեց իրավապահ համակարգից՝ հայտարարելով՝ իր համբերության բաժակը լցվել է։

Մամուլը գրում է նաև, որ իրենց պատգամավորական մանդատները վայր կդնեն «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։

Արգիշտի Քյարամյանը, որը վերջերս Ազգային ժողովում վեճի էր բռնվել ՔՊ-ական Աղազարյանի հետ, Քննչականը ղեկավարում է 2021թ. ամռանից։ Կրկին 2021-ին Հատուկ քննչական ծառայությունը դրա նախորդ երեք տարիներին ղեկավարած Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ։

Ազգային ժողովը 2022 -ին ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Վահե Ղազարյանը այն գլխավորեց հաջորդ տարեսկզբից։

Գնել Սանոսյանն ու Ռուստամ Բադասյանն իրենց պաշտոններն զբաղեցնում են ավելի քան 3 տարի։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031