Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշը գովաբանել է Պորտուգալիայի ազգային հավաքականին և հատկապես նրա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ նրան պարգևատրելով պլատինե մրցանակով:
Նոյեմբերի 11-ին Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է գտնվել Quinas de Ouro գալա համերգին, որտեղ արժանացել է Ֆերնանդու Գոմեշի հարգանքին, ով էլ իր հերթին երախտագիտություն է հայտնել ֆուտբոլիստին՝ պորտուգալական ֆուտբոլը աշխարհում հանրահռչակելու համար:
«Նա ավելի քան 20 տարի ծառայում է Պորտուգալիայի հավաքականում, և եթե խոսենք այն մասին, թե ով է ցույց տվել իր սերն ու նվիրվածությունը հավաքականին ներկայացնելու գործում, ապա դա հենց Կրիշտիանու Ռոնալդուն է։
Նա զգում է ազգային հավաքականի շապիկը, զգում է Պորտուգալիան և մեր երկրի առաջատար ներկայացուցիչն է։ Ուստի մենք կարծում ենք, որ լիովին արդարացի է Կրիշտիանուին պարգևատրելու պլատինե Quinas-ով։ Ես միայն շնորհակալության խոսքեր ունեմ։ Շնորհավորում եմ, շնորհակալ եմ», — ամփոփել է Գոմեշը։
Հավաքականի կազմում Ռոնալդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունում և ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։ Պորտուգալիայում նա չորս անգամ ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ, ինչպես նաև ազգային հավաքականի և բոլոր հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն է (130 գոլ):