«2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում հրադադարի մասին փաստաթղթի ստորագրումից հետո ստեղծված «3+3» հարթակը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների քննարկման հիմքն է»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ կարծում է՝ Հարավային Կովկասի խնդիրները կարող են լուծել հենց իրենք՝ տարածաշրջանի երկրները։ Նախարարը հավելել է, որ նիստից հետո կընդունվի համատեղ հայտարարություն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նաև հայտարարել է՝ իրենք հավատում են, որ «Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար»։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայում մեկնարկել է Տարածաշրջանային համագործակցության Հարավային Կովկասի պլատֆորմի «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, Վրաստանը հրաժարվել է նման ձևաչափով հանդիպումից: