Բրիտանացի երգիչ և One Direction փոփ խմբի նախկին անդամ Լիամ Փեյնին մահացած են գտել Բուենոս Այրեսում՝ Casa Sur հյուրանոցի մոտ։ Նա 31 տարեկան էր։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ոստիկանությունը պարզել է, որ Փեյնն ընկել է հյուրանոցի երրորդ հարկից։ Նա մահացել է ընկնելու հետևանքով ստացած ծանր վնասվածքներից։ Դեպքի վայր հասած շտապօգնության բժիշկներն արձանագրել են երգչի մահը։
Փեյնը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 29-ին։ Նա որոշ ժամանակ ամուսնացած է եղել բրիտանացի հայտնի երգչուհի և Girls Aloud խմբի նախկին անդամ Շերիլ Քոուլի հետ, ով 2017 թվականին լույս աշխարհ բերեց իրենց որդուն։
Փեյնը 2010 թվականին մասնակցել է X Factor մրցույթին։ Ջասթին Թիմբերլեյքի Cry Me A River երգը նրա կատարմամբ հիացրեց ժյուրիի բոլոր անդամներին, ինչից հետո նա միացավ այլ շնորհալի մասնակիցների, և ստեղծվեց One Direction խումբը: Այն դարձավ փոփ երաժշտության պատմության ամենահաջող խմբերից մեկը։
Այնուամենայնիվ, խմբի երիտասարդ անդամները 2016 թվականին բաժանվեցին՝ զարգացնելու իրենց անհատական նախագծերը։