Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերագույն ռադայում՝ պատգամավորներին ներկայացնելով, այսպես կոչված, «Հաղթանակի ծրագիրը»՝ միջոցառումների մի շարք, որոնք, ըստ Կիևի, պետք է օգնեն ստիպել Ռուսաստանին ավարտել պատերազմը:
Ինչպես գրում է svoboda.org-ը, ծրագիրը բաղկացած 5 հիմնական կետից և 3 գաղտնի հավելվածից:
Առաջին կետը ենթադրում է, որ Ուկրաինան հենց հիմա ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր ստանա՝ չսպասելով պատերազմի ավարտին:
Երկրորդն ուղղակիորեն վերաբերում է ռազմական գործողություններին։ Զելենսկու խոսքով՝ անհրաժեշտ է «պատերազմը վերադարձնել Ռուսաստանի տարածք», ինչը, նրա կարծիքով, կարող է հանգեցնել Ռուսաստանում սոցիալական լարվածության աճի և Կրեմլի քաղաքականության դեմ բողոքի ակցիաների։ Ուկրաինայի նախագահը այս կետի կարևոր մասն է համարել Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների շարունակումը Ռուսաստանի տարածքներում։ Զելենսկին կոչ է արել արևմտյան երկրներին վերացնել Ռուսաստանի տարածքին հեռահար զենքով հարվածելու սահմանափակումները, ինչպես նաև Ուկրաինայի հետ մասնակցել Ուկրաինայի տարածքի հակաօդային պաշտպանությանը, մասնավորապես՝ խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը։
Երրորդ կետը ՌԴ-ի ռազմավարական զսպումն է։ Այն ենթադրում է հզոր ռազմավարական ոչ միջուկային զենքի տեղակայում Ուկրաինայում։
Ծրագրի չորրորդ կետն Ուկրաինայի ռազմավարական և տնտեսական ներուժի զարգացումն է:
Հինգերորդ կետը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո ուկրաինացի զինվորականների օգտագործումն է ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի այլ դաշնակիցների պաշտպանությունն ուժեղացնելու համար, մասնավորապես, Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմական անձնակազմի փոխարինումն ուկրաինացի զինվորականներով:
Ըստ Զելենսկու, ծրագրում կա երեք գաղտնի լրացում, որոնց բովանդակությունը նա հրապարակայնորեն չի բացահայտել: Ուկրաինայի նախագահը նշել է, որ արևմտյան դաշնակիցները «գործնական» մոտեցում են ցուցաբերել ծրագրին և այժմ ուսումնասիրում են դրա կոնկրետ մանրամասները։
Զելենսկու խոսքով՝ «Հաղթանակի ծրագիրը» պատերազմի դիվանագիտական ավարտի «կամուրջ» է, քանի որ դրա իրականացումը կստիպի Ռուսաստանին հրաժարվել ագրեսիայից և նստել բանակցային սեղանի շուրջ։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ծրագրի իրականացումը կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ Կիևի գործընկերներից։ Միայն այն դեպքում, եթե նրանք ստիպեն Ռուսաստանին խաղաղության, պատերազմը կավարտվի։
Մինչդեռ Կրեմլը, արձագանքելով այս ծրագրին, ասել է, որ Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրն իրականում ԱՄՆ-ի թելադրած՝ մինչև վերջին ուկրաինացին կռվելու քաղաքականության շարունակությունն է։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։