ՀՀ սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների բարձրաձայնումը և դրանց լուծման ուղիները. «Հայաստանը ես եմ» համահայկական հասարակական նախաձեռնությունը և «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էին համատեղ քննարկում, որտեղ ընդգծվեց այն մոտեցումը, որ խնդիրները պետք է դիտարկվեն որպես առաջնահերթություն՝ անկախ քաղաքական կամ աշխարհաքաղաքական զարգացումներից։
«Հայաստանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրն է, և մենք ինքներս նույնականացվում ենք Հայաստանի հետ, ապա մենք էլ պարտավոր ենք եռաստիճան համակարգով խնդիրները արձանագրել, հետևյալ կերպ՝ խնդրի ախտորոշում, լուծման տրամադրում, ակնկալվող արդյունքի մոդելավորում և հիմնավորում»,-ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Քննարկման մասնակիցները նշեցին, որ համակարգված մոտեցումը կարևոր նախապայման է հնարավոր լուծումներ գտնելու համար։ Խնդիրների բազմազանությունը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն և արդյունավետ ռազմավարությունների մշակում:
«Նպատակը հետևյալն է. խնդիրները, որոնք այսօր ծառացած են տնտեսական և սոցիալական ոլորտում Հայաստանում, ոչ պակաս կարևոր են, քան քաղաքական կամ տարածաշրջանային, աշխարհքաղաքական: Մենք կարող ենք շատ երկար խոսել տարբեր խնդիրների մասին, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ առանց տնտեսական և սոցիալական հարցերի լուծման կամ լուծման եղանակների գտնելու, փնտրելու ոչ մի բան չի ստացվի»,-ասաց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Աբովյանը:
Նա նշեց, որ հենց այդ պատճառով «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի ռազմավարական կոնցեպտին՝ «Առաջարկ Հայաստանին»: Ընդգծեց՝ առկա խնդիրներին զուգահեռ կա դրանց լուծման առաջարկների խիստ պահանջ:
Քննարկմանը մասնակցած տարբեր ոլորտների մասնագետներն ընդգծեցին բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալականից մինչև կրթական, և միաժամանակ փորձեցին առաջարկել հնարավոր լուծումներ, որոնք արձանագրվեցին «Կամուրջ»-ի ու «Հայաստանը ես եմ»-ի կողմից։