Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ որոշակի բիզնես գործունեության պատճառով։ Այս մասին հայտնում է 24news.am–ը։
Ըստ լրատվամիջոցի` Սամվել Ալեքսանյանը չի կարողացել Մոսկվա մուտք գործել մոտ մեկ շաբաթ, մինչդեռ նրա ընտանիքի անդամները առանց խնդիրների կարողացել են հատել Ռուսաստանի սահմանը։
Թաթուլյանը 2023 թվականից հետախուզման մեջ է, ըստ տեղեկությունների՝ նա լքել է ՌԴ տարածքը։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով` գործարարը կասկածվում է խարդախություն կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը persona non grata է ճանաչել 10 հայ գործարարի և հայտնի չէ՝ անցանկալի անձանց ցուցակում հայտնվածներից 9-ի անունները, սակայն ըստ տելեգրամյան ալիքներից մեկի տարածած լուրի՝ նշվում էր, որ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։ Նույն ալիքի հաղորդմամբ՝ Սամվել Ալեքսանյան իր արգելքի մասին չի իմացել։
ԼՈՒՐԵՐ․com-ը կապ էր հաստատաել գործարարի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի հետ։
«Որ խնդրեմ՝ Սամվել Ալեքսանյանի հետ կապված հարցերով իրեն կդիմե՞ք, որ ինձ չդիմեք։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ և իր հետ կապված հարցերին, կարծում եմ՝ ճիշտ կլինի հենց ինքը պատասխանի»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր գործարարի կինը։
Դիտարկմանը՝ ամեն դեպքում Սամվել Ալեքսանյանն իր ամուսինն է ինչպե՞ս կարող է չիմանալ, որ Մոսկվայի թռիչքը խափնվել է և Մոսկվայից հարկադրաբար հետ է ուղարկվել իր ամուսինը՝ 6 ժամ օդանավակայանում սպասեցնելուց հետո՝ ըստ լուրերի, Շողերինա Մկրտչյանը պատասխանել էր․ «Դե ոչինչ որ իմ ամուսինն է, գուցե մի բանից էլ կարող եմ տեղյակ չլինել։ Որքան էլ ես ձեր հարցերին ուզենամ պատասանել, նույնիսկ կարող ճիշտ էլ չլինել, որովհետև ես տեղյակ չեմ այն ամենից, ինչ դուք ասում եք, հետևաբար չեմ կարծում, որ իմ պատասխանելը ճիշտ է։ Ես պաշտոնական մարդ չեմ, չեմ ուզում ոչ մի հարցի պատասխանել»,- եզրափակել էր Շողերինա Մկրտչյանը։