Amnesty International-ը պաշտոնական Փարիզին կոչ է անում հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդդիմախոս Վիդադի Իսկենդերլիի սպանության հեղինակներին։
«Այդ զազրելի հանգագործությունը պետք է հետաքննվի արտահերթ կարգով, և այդ հանցագործության բոլոր կասկածյալները պետք է պատասխանատվության ենթարկվել արդար դատաքննության ընթացքում», — հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հիշեցնելով, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր է դանակով հարձակման ենթարկվում։
Ադրբեջանցի վտարանդի ընդդիմադիր գործիչ Վիդադի Իսկենդերլին մահացել է հոկտեմբերի 1-ին՝ անհայտ անձանց կողմից դանակով բազմաթիվ հարվածների ենթարկվելու հետևանքով։
Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ, քաղաքական գործիչը երկու տարի առաջ էլ էր հաձակման ենթարկվել, այն ժամանակ նա պնդել էր, որ տեղի ունեցածի պատվիրատուն Ադրբեջանի իշխանությունն է։
Վիդադի Իսկենդերլին հայտնի է Ալիևի վարչակազմի հասցեին իր կոշտ քննադատությամբ։
Մինչև Ֆրանսիա արտագաղթելը քաղաքական գործիչն Ադրբեջանում բազմիցս քրեական հետապնդումների է ենթարկվել, իսկ 2011 թվականին 3,5 տարվա ազատազրկման դատապարտվել՝ 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանձանաժողովի աշխատանքներին միջամտելու մեղադրանքով։