Skip to main content

Ջրհեղեղներից տուժած համայնքների վերականգնման համար կհատկացվի շուրջ 6,8 մլն դոլար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) շրջանակում ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգին։

Հանդիպման առանցքում հիմնադրամին Հայաստանի ներկայացրած առաջին ֆինանսավորման հայտի քննարկումն էր։ Հայտով նախատեսվում է շուրջ 6,8 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ներգրավել՝ 2024 թվականի ջրհեղեղներից տուժած Լոռու և Տավուշի մարզերի համայնքների վերականգնման համար։

Ծրագիրն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների և գետամերձ էկոհամակարգերի վերականգնմանը, խոցելի բնակչության աջակցությանը, ինչպես նաև համայնքների՝ կլիմայական վտանգներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են կլիմայական աղետների հետևանքների հաղթահարման համար միջազգային ֆինանսական աջակցության ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ հիմնադրամի միջոցներին ուղղակի հասանելիության մեխանիզմներին։

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է բյուջետային գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները՝ ընդգծելով սահմանափակ հանրային միջոցների պայմաններում արդյունավետ որոշումներ կայացնելու կարևորությունը։ Նա նաև բարձր է գնահատել ՀՀ ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարությունների համագործակցությունը՝ շրջակա միջավայրի ոլորտում ստանձնած հանձնառությունների իրականացմանն աջակցելու ուղղությամբ։ Իբրահիմա Շեյխ Դիոնգն իր հերթին նշել է, որ հիմնադրամի գործունեության առանցքում երկրների իրական կարիքներն են։ Նա պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ կլիմայական մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031