Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ 

Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա:

Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որը կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։

Բանաձևը շեշտել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։

Բանաձևում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորածների խնդիրների լուծումը։

ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930