Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բովանդակությունը ժողովրդի համար բացահայտված է․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը ժողովրդից գաղտնի պահում խաղաղության պայմանագրի փաստաթուղթը։  

«Խաղաղության պայմանագրի նախագծի բովանդակությունը հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, որովհետև այդ կետերին անդրադարձել եմ տարբեր առիթներով՝ ասուլիսներում, ելույթներում, հարցուպատասխաններում։ Գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա։ Չեմ կարող պահել այդ թուղթը և ասել, թե յուրաքանչյուր կետում ինչ է գրած։ Դա աշխատանքային փաստաթուղթ է։ Եթե երկրորդ կողմի հետ աշխատում ես, նշանակում է, որ առնվազն այդ թուղթը երկրորդ շահառու էլ ունի, և դա միակողմանի բացահայտելը կոռեկտ չէ։ Իսկ մնացած մասերով ամեն ինչ հրապարակել ենք։  Այս փաստաթղթում խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիթորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին և այլն և այսպես շարունակ։ Այսինքն՝ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի ամբողջ բովանդակությունն առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է։ 

«Ես անընդհատ տարբեր մարզեր եմ այցելում, անընդհատ տարբեր ձևաչափերով հանդիպումներ եմ ունենում, անընդհատ քննարկումներ եմ ունենում, և այդ քննարկումների առանցքային թեմաներից մեկը խաղաղության գործընթացն է»,-եզրափակեց Փաշինյանը։  

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031