Ալեն Սիմոնյանը Տանն Կիլիկիո կաթողիկոս-պատրիարքի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ուրախ է հյուրընկալել Կաթողիկոս-Պատրիարքի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ու ողջունել վերջինիս այցը Հայաստան Սրբալույս Մյուռոնի օրհնության եւ Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ կաթոլիկ համայնքի` հայկական մշակութային արժեքների նկատմամբ անվերապահ հոգատարությունը եւ նշել, որ հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար:

Ալեն Սիմոնյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարքի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների ու Լեռնային Ղարաբաղի հայկական հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Զրուցակիցները քննարկել են նաեւ խաղաղության օրակարգին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930