Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չի նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից․ Աբրահամյան

Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չի նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների, վառելիքա-քսուկային պահեստի պայթյունի, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների, բռնի տեղահանության հետ կապված անցնող սեպտեմբեր ամսին բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին:

Սեպտեմբերի 19-ին` ագրեսիայի օրը, Արցախի թեմը հոգեհանգստյան կարգ մատուցեց, սեպտեմբերի 24-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի` հատուկ ընտրված հատվածում, «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունն էր, որը կառուցվում է ի հիշատակ այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, սակայն նրանց սրբատեղի դարձած գերեզմանները ևս մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ:

Շատ տարօրինակ է, որ այսպիսի միջոցառումներին մասնակցություն չունեցան Պաշտպանության բանակի հրամկազմի որևէ ներկայացուցիչ:

ՊԲ հրամանատարի հրամանով, բանակը, զինծառայողները մարտական հերթապահություն են կրել, իսկ կոնկրետ հարձակման օրը` պաշտպանական մարտեր վարել: Մի քանի հարյուր մարդ է զոհվել, անհետ կորել:

Ես ճանաչում եմ տարբեր օղակների բազմաթիվ հրամանատարների, ովքեր ոչ միայն իրենց զոհված զինծառայողների, ընկերների շիրիմներին, այլ նաև ընտանիքներին են այցելում:

ՊԲ հրամանատարը ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների, իր ղեկավարած բանակի հետ տեղի ունեցածի կամ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ:

Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չի նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից»,-գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031