«Դուք կարող եք ինքներդ ձեզ խաբել: Ձեր երկրի ամենահզոր տղամարդը կարող է թաքնվել իր առևանգած դեռահաս աղջիկների հետևում: Բայց դուք չեք կարող խաբել ամբողջ աշխարհին», — ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը: Փոխանցում է BILD_Russian տելեգրամյան ալիքը։
Ուկրաինայի կառավարության տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմի սկզբից առևանգել է առնվազն 19500 երեխայի, և մինչ այժմ Ուկրաինային հաջողվել է վերադարձնել նրանցից ավելի քիչ, քան չորս հարյուրը։
«Ռուսաստանն այդ հանցագործությունները կատարում է 923 օր, երեխաներին առևանգում և խոշտանգում են 923 օր։ Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, մինչև երեխաները չվերադառնան իրենց ընտանիքները», — շարունակեց Բերբոքը, ապա հիշեցրեց, որ Ռուսաստանի ներկայացուցիչը հրաժարվում է երկխոսությունից կարևոր հարցերի շուրջ և «միշտ հեռանում է ՄԱԿ-ի դահլիճից իր ելույթից հետո»։
Ուկրաինական պատերազմի քննարկման ժամանակ Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ձանձրալի հայացքով ինչ-որ բան էր կարդում սմարթֆոնով, իսկ իր ելույթից հետո լքեց նիստերի սենյակը։