Լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները Բաքուն իր ներքին գործն է համարում

Պաշտոնական Բաքուն «կողմնակալ և անարդար» է որակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Եվրախորհրդում ԵՄ հայտարարությունը։

Սեպտեմբերի 11-ին Ստրասբուրգում Նախարարների խորհրդի նիստից հետո ԵԽ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Բաքվին վերջ դնել լրագրողների և ակտիվիստների կամայական ձերբակալություններին։ ԵՄ պատվիրակությունը Բաքվի այս գործելակերպը մտահոգիչ է համարել՝ ընդգծելով, որ անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կամայական ձերբակալությունների թիվն աճում է։

Բաքուն սա համարել է «միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»։

Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն կոչ է արել ԵՄ-ին՝ «Ադրբեջանի դեմ անհիմն հայտարարություններ անելու փոխարեն, կենտրոնանալ ԵՄ երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա»։

Հաջիզադեն ԵՄ հայտարարությունը նաև «զրպարտչական արշավ» է որակել՝ Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (COP29) ընդառաջ՝ շեշտելով․ — «Ադրբեջանում մարդու բոլոր իրավունքները պաշտպանված են, զգալի առաջընթաց է արձանագրվել այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ, և Եվրամիության պնդումներն այս առումով լիովին անհիմն են»։

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցող Լրագրողների պաշտպանության հարթակը վերջերս հրապարակած զեկույցում փաստել է, որ ԵԽ-ին անդամակցող 47 երկրներում 55 լրագրող գտնվող է բանտում, որոնցից 16-ը՝ միայն Ադրբեջանում։ Անցած նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել և նախնական կալանքի են ենթարկել առնվազն տասը լրագրողի՝ այդ թվում Abzas Media առցանց թերթի գրեթե ամբողջ խմբագրակազմին։ Մարտի սկզբին էլ համացանցում հեռարձակվող Тoplum TV անկախ հեռուստաալիքի հետ համագործակցող 9 լրագրող է ձերբակալվել։

«Ազատություն քաղբանտարկյալներին շարժումը» դեռ օգոստոսին հաշտարարել է՝ հաշվել են՝ անցած երեք ամսում Ալիևի վարչակազմն ազատազրկել է ևս 34 մարդու՝ քաղաքական հայացքների համար։ Ըստ կազմակերպության վերջին հաշվարկների՝ Ադրբեջանում առնվազն 204 քաղբանտարկյալ կա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031