«Նախ ձեր նշած իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը հիմա ձեր շարքերում է, և կարծում եմ կարող է մամուլի ասուլիս հրավիրել և պատմել՝ ոնց է եղել, ինչ է եղել: Հետո էլի բարձրաստիճան պաշտոնյաներ կան, այդ թվում ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից էլի ձեր շարքերում են»:
Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի այն հարցին, թե 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո, խոստումներ տրվեց, որ դատավորներին զանգ չի արվելու. «Ցանկանում եմ հիշեցնել մի բանի մասին, որն եղել է ուղիղ 6 տարի առաջ. խոսքը հայտնի խոսակցության մասին է, երբ ՀՀ վարչապետը, ԱԱԾ ղեկավարը, ՀՔԾ պետը քննարկում են, թե ինչպես են կալանքի տարվում մարդկանց, ինչպես են դրա մասին տեղեկացվում դատավորները, թե ինչ պետք է արվի: Այսինքն մինչև դատարանի վերջնական որոշումը ցուցումներ է լինում և դրա մասին զեկուցվում է ՀՀ վարչապետին»:
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է ՀՀ Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը. «Արդյո՞ք ես կարծում եմ, որ այսօր ՀՀ-ում մենք ունենք լիարժեք անկախ դատական համակարգ, որովհետև եթե դուք այդքան տեղեկացված եք, գիտեք, որ դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ առաջվա լծակները մինչև այսօր պահում են դատական համակարգի վրա»:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ անկախ դատական համակարգ ունենալը մի քայլանի գործողություն չէ:
«Ես եկել եմ այն համոզման, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգի բացակայության սոցիալ-հոգեբանական արմատները գտնվում են ՀՀ իրավաբանական կրթության տիրույթում: Ես պիտի ասեմ իմ միանշանակ կարծիքը, որ Հայաստանի անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ հետագա զարգացման համար: Եթե մենք հետևողական չլինենք անկախ դատական համակարգ ունենալու առումով, չենք կարող հաջողություն ունենալ: Բայց կա մի փաստ, որ մենք այնուամենայնիվ գնում ենք անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով, որովհետև դատական համակարգի որոշումներից հաճախ դժգոհ է մնում, բայց նաև հաճախ դժգոհ է մնում կառավարող կուսակցությունը»,- ասաց վարչապետը: