Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քննվում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ Պրոբացիայի ծառայության պահանջը:
Դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստի օր է նշանակվել սեպտեմբերի 10-ը:
Պրոբացիայի ծառայությունն ավելի վաղ դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել էին, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։