Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Դուրովի ձերբակալությունը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը՝ ելնելով «դատական համակարգի անկախության նկատմամբ հարգանքից»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ֆրանսիայում դատական համակարգի անկախության սկզբունքներին համապատասխան՝ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող մեկնաբանել պարոն Դուրովի հետ կապված իրավիճակը», — արձագանքել է երկրի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։

Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ իրենք դեռ չգիտեն՝ ինչի համար է մեղադրվում Դուրովը: Նա նաև ասել է, որ Պուտինը Բաքու կատարած վերջին այցի ժամանակ Դուրովի հետ չի հանդիպել:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30