ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստով

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնել են նրա գործընկերները, գրում է Current Time-ը։

Քաղաքական գործչի այրուն՝ Յուլիա Նավալնայային Քննչական կոմիտեում հայտնել են, որ նա մահացել է «համակցված հիվանդության» և առիթմիայի հետևանքով։ Պատասխանը ստորագրել է մայոր Ալեքսանդր Վարապաևը, որը մի քանի օր շարունակ Նավալնիի մարմինը չի տվել մորը։ ՔԿ հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 16-ին Նավալնին զբոսանքի ժամանակ «առողջության կտրուկ վատթարացում» է զգացել։

Նրան վերադարձրել են բանտախուց, որտեղից էլ տեղափոխել են բուժմաս։ Այնտեղ է ժամանել շտապօգնության անձնակազմը, սակայն ո՛չ այն, ո՛չ էլ գաղութի աշխատակիցները չեն կարողացել վերակենդանացնել քաղաքական գործչին։ «Դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ի նկատմամբ ոչ մի ապօրինի գործողություն չի կատարվել, բռնություն չի կիրառվել, իսկ հայտնաբերված մարմնական վնասվածքները բժշկական մանիպուլյացիաների արդյունք են»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը 2023 թվականի փետրվարի 16-ին հայտարարեց Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը», վերակենդանացման միջոցառումներն արդյունք չեն տվել։ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո անհայտ էր դիակի գտնվելու վայրը։ Միայն մեկ շաբաթ անց է մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան կարողացել տեսնել որդու մարմինը։

Քննիչները նրան ասել են, որ մարմինը չեն հանձնի երկու շաբաթ, քանի որ այն, իբր, ուղարկվել է քիմիական փորձաքննության։ Նավալնայան բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի գործողությունների դեմ, իսկ արտերկրում գտնվող տասնյակ հայտնի ռուս հասարակական գործիչներ հանդես են եկել Նավալնիի մարմինը մորը վերադարձնելու պահանջով։ Ի վերջո, փետրվարի 24-ին որդու մարմինը հանձնվել է Լյուդմիլա Նավալնայային։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

- Այս թեմայով -