ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն ծրագրի համակարգող Գոհար Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ քույրը հղիության 36 շաբաթականում, բացարձակ առողջ և հասուն պտղով՝ 4կգ. 52 սմ, գերջրության ցուցանիշներով դիմել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ բժիշկների վերահսկողության տակ լինելու, փոքրիկ վտանգի դեպքում բժշկական պատշաճ օգնություն ստանալու համար, սակայն բժիշկների պատճառով գրանցվել է երեխայի սրտի կանգ: Հայտնում է Tert.am-ը:
«Քույրս հիվանդանոցում անցկացրել է 2 օր (ուրբաթ առավոտյան գնացել է հիվանդանոց, իսկ չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան): Քրոջս հետազոտության ցուցիչները ամեն օր ավելի վատն են, ինչը բավարար էր, որ բժիշկը ծննդազատում իրականացնի: Քույրս նույնիսկ ինքն է խնդրել, որ ժամանակից շուտ կեսարյան հատում կատարվի, բայց բժիշկները ոչինչ չեն ձեռնարկել, որոշել են սպասել, երեկոյան հետազոտության ժամանակ, որն ինչպես իրենք են նշում հավելյալ ուշադրության համար են արել, գրանցել են՝ երեխայի սիրտը չի զարկում. երեխան խեղդվել է: Ոչ մի կերպ չեն ընդունում, որ սխալն իրենցն է, նշել են՝ նույն բանը կարող էր պատահել նաև տանը»,- գրել է նա:
Նա նշել է՝ իրենց ընտանիքում մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման հանգուցալուծմամբ դեպքն է, մեկը մյուսից դաժան ու չսպասված:
«Ես չգիտեմ՝ մենք էս դեպքերից հետո, երբ և ինչպես ենք վերականգնվելու, չգիտեմ՝ ովքեր են կրելու էս ամենի պատասխանատվությունը: Բայց ուզում եմ, որ նման «բժիշկներն» արժանանան հանրային պարսավանքի, նման «բժիշկները» տեղ չունենան մեր հիվանդանոցներում, չխլեն կյանքեր, չփչացնեն ճակատագրեր: Արտյոմ Մաշուրյանը և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն էս դեպքի պատասխանատուներն են: Սա իրենց անգործության, սխալ որոշումների, և հանգստյան օրերին ժամանակ սպանելու արդյունք է»,- իր գրառման մեջ նշել է նա: