«Զորամասեր մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք», այսօր Դիլիջանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը Տավուշի մարզում է՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
«Երկու օր առաջ ես չնախատեսված երրորդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի հենց դեմը մի մետրըը երկու մետրի վրա մի հատ փոս էր, ու այստեղ տրամաբանության բախում եմ տեսնում։ Կարծում եմ, որ իմաստ ունի, որ Պաշտպանության նախարարության հետ գույքագրենք զորամասերը, հասկանանք՝ մուտքերի վիճակը։ Ամեն օր այդտեղ պրոցես է տեղի ունենում, ու ես դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում տենց փոսեր չկան։ Սա խորը խնդրի մասին է իրականում», — հայտարարեց Փաշինյանը։
Դիլիջանը Տավուշի մարզում վարչապետի առաջին կանգառն էր։ Նա այստեղ ծանոթացավ դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
Վարչապետի մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև օգոստոսի 12-ը Փաշինյանն որոշ աշխատանքային այցեր կունան, մասնավորապես, Տավուշի և Արմավիրի մարզեր։ Հուլիսի վերջին գործադիրի ղեկավարն Արմավիրի մարզում էր։
Վարչապետը հուլիսի 11-ի կառավարության նիստում թվարկելով Հայաստանի մարզերում իրականացված և իրականացվող սուբվենցիոն որոշ ծրագրեր՝ ասաց, որ կարդալուն զուգահեռ մտովի ճամփորդում է այս վայրերով՝ հայտարարելով՝ գնալու է անձամբ տեսնի դրանք։
Այս տարվա հունվարին Փաշինյանը Լոռիում 6 համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցում։ Շրջել էր, դիտողություններ արել ու վերջում ամփոփել՝ «դժգոհ եմ»։ Լոռու մարզի աղմկահարույց այցից երկու օր անց վարչապետն Արմավիրի մարզում էր։ Նիկոլ Փաշինյանն այս մարզում էլ դժգոհ էր մնացել պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից, ստուգել կախիչների ու ծորակների ամրությունը, քննադատել շինարարին բացօթյա մարզադաշտում կուտակված անձրևաջրերի համար ու պհանջել կարճ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները։
Փաշինյանի այցերից, դժգոհություններից ու կոշտ դիտողություններից ժամեր անց պաշտոնանկ էին արվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Լոռու և Արմավիրի մարզպետները։