Այս պահին Դելավեր նահանգում գտնվող իր տանը կորոնավիրուսից ապաքինվող Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը, չնայած կուսակիցների կոչերին, հրաժարվում է լքել ընտրարշավը՝ խոստանալով քարոզարշավը շարունակել արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին Բայդենը հայտնել է ուրբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ, որը նվիրված էր Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցության համագումարին հնչեցրած ելույթին։
«Անցած գիշեր ամերիկացիները տեսան այն նույն Դոնալդ Թրամփին, որին մերժել էին չորս տարի առաջ։ Ամերիկացիները շատ լավ հասկանում են, թե որ ուղղությամբ է նա ցանկանում տանել մեր երկիրը։ Մարդիկ գիտեն, որ նա խարխլել է մեր տնտեսությունը, ցավագին հարվածներ է հասցրել միջին խավին, փորձում է խաթարել Սահմանադրությամբ ամրագրված զսպումների և հակակշիռների մեխանիզմը՝ նախագահի պաշտոնին վերադառնալու առաջին իսկ օրվանից կառավարելով բռնապետի նման», — հայտարարում է Բայդենը՝ պնդելով, թե՝ «անհամբերությամբ սպասում է հաջորդ շաբաթվան՝ քարոզարշավի վերսկսմանը»։