Վայոց ձորի բնակավայրեր արջերի հաճախակի այցերի պատճառ կարող է լինել նաեւ ոչ պատշաճ աղբահանությունը։ Այս տեսանյութը նկարահանել են FPWC թակարդ-տեսախցիկները Շատինում։ Այստեղ աչքի ընկնող աղբը հիմնավորում է վերոնշյալ պնդումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։
Կարեւոր է գիտակցել, որ վայրի կենդանիների վարքը սերտորեն կապված է մարդկային գործոնների հետ։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիշեցնում է՝ բնակիչների ցածր իրազեկվածության մակարդակը եւս խանգարում է խնդրի երկարաժամկետ եւ կայուն կարգավորմանը։ Այս վայրի կենդանիների հաճախակի այցելությունները բնակավայրեր պայմանավորված են մի շարք գործոններով, ներառյալ կենդանիների սննդի եւ բնամիջավայրի կրճատումը։
Կլիմայական փոփոխությունները էլ ավելի են բարդացնում իրավիճակը։
FPWC-ն շարունակաբար աշխատում է խնդրի կարգավորման ուղղությամբ՝ կիրառելով ինչպես արդեն հայտնի, այնպես էլ՝ նորարարական լուծումներ։ Այդ նպատակով FPWC-ն իրականացնում է գորշ արջերի արհեստական կերակրման ծրագիր՝ նվազեցնելու արջերի այցելությունները բնակավայրեր։ Ծրագիրն իրականացվում է Bears in Mind կազմակերպության աջակցությամբ։ Ակտիվորեն իրականացվում են նաեւ արդեն «ավանդական» դարձած մոտեցումներ, ինչպիսին օրինակ՝ էլեկտրական հովիվների ծրագիրն է։ Դրանք բարձր լարումով, սակայն ցածր ամպերաժով ցանկապատներ են, որոնցից
կենդանիները չեն վնասվում, բայց խուսափում են մոտենալ:
Համագործակցելով Viva-ի հետ FPWC-ին հաջողվել է տարիների ընթացքում շատացնել պաշտպանված տնտեսությունների թիվը մարզում։ Դեռեւս 2019թ.-ին կազմակերպությունները 10 էլեկտրական հովիվ են նվիրել Վայոց ձորի 5 համայնքների, 2022- 2023թթ. ընթացքում ավելացել են եւս 20-ը՝ հասցնելով ընդհանուր թիվը 30-ի։