Հնդկաստանի վարչապետն այսօր կայցելի Մոսկվա, կհանդիպի Պուտինի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր կեսօրին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլն այցի մասին իր հաղորդագրությունում նախ ընդգծել է «ռուս-հնդկական հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը», ապա նշել, որ հարաբերությունների հետագա զարգացման ու այլ թեմաների թվում երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «կարևոր, լայնամասշտաբ այցի» ակնկալիքի մասին՝ նշելով, որ Պուտինն ու Մոդին կկարողանան շփվել նաև ոչ պաշտոնական միջավայրում։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ ավելի վաղ, ճեպազրույցի ժամանակ, ընդգծել է, որ Կրեմլն «առաջնային նշանակություն է տալիս այս այցին»։

Ուշակովը նաև հիշեցրել է, որ սա Մոդիի առաջին արտասահմանյան այցն է, վերջին խորհրդարանական ընտրույթուններում, երրորդ անգամ անընդմեջ, Հնդկաստանի վարչապետ ընտրվելուց հետո։

Հնդկաստանի կառավարության ղեկավարը վերջին անգամ այցելել է Ռուսաստան 2019 թվականին, սակայն ոչ թե Մոսկվա, այլ՝ Վլադիվոստոկ։ Իսկ վերջին անգամ Մոդին Մոսկվայում եղել է 2015 թվականին։

Հնդկաստանը ավանդաբար ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ, ձեռնպահ է մնում քննադատել Մոսկվային Ուկրաինա ներխուժելու համար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30