Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար անհասկանալի է ընդդիմադիրների գործողությունների տրամաբանությունը:

ԱԺ նիստում Ռուբինյանը տարօրինակ համարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները եկել են ԱԺ նիստին, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ օրը հայտարարել էր, որ իշխանական պատգամավորներին կարող են չթողնել աշխատանքի գնալ:

«Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը: Կարո՞ղ է պարզվի, որ դուք այսօր եկել եք ԱԺ, որովհետև, եթե նիստին չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,–հարցրեց Ռուբինյանը:

ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստում, որում քննարկվել է ընդդիմության առաջարկը՝ իրենց առաջարկած արտահերթ նիստն ավելի շուտ անցկացնել, ինքը ընդդիմադիրներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ներկայացվել ԱԺ ուղերձի նախագիծ, այլ ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ: Ըստ նրա՝ ընդդիմադիրներն ասել են, որ դա լրիվ այլ գործընթաց է:

Ռուբինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացած ուղերձում նշված չէ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին: Ընդդիմադիրները կրկին ասել են, որ դա այլ գործընթաց է, ինչը ԱԺ փոխնախագահը շատ տարօրինակ համարեց:

Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11–ից հունիսի 17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով: ԱԺ խորհուրդը մերժել էր միջնորդությունը: Սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ դիմում են արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստը: Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031