Մինչև 2029 թվականը Հայաստանում ֆուտբոլի երեք մարզադաշտ պետք է կառուցենք․ վարչապետ

Հայաստանում մինչև 2029 թվականը երեք մարզադաշտ պետք է կառուցվի, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կծառայեն 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելուն, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի ու Վրաստանի միասնական հայտը՝ առաջնությունը հյուրընկալելու վերաբերյալ։

Կառավարության հունիսի 6-ի նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար:

«Այդ հարցի վերաբերյալ մենք ֆեդերացիաների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերեցինք նախորդ տարի Բաթումիում։ Ուրախ եմ, որ գործընթացը բնականոն ընթացքի մեջ է։ Հիմա մենք մինչև 2029 թվականը հանրապետությունում երեք մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք համապատասխանում են աշխարհի առաջնություն անցկացնելու չափանիշներին։ Նրանցից մեկը պետք է լինի մինչև 35 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ, մյուս երկուսը՝ ամենաքիչը 10 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ»,- նշեց վարչապետը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրեց, որ քննարկվել է Վանաձորում և Իջևանում նման մարզադաշտեր ունենալու հնարավորությունը։

«Ընդ որում, Վանաձորում խոսքը եղած ստադիոնի վերակառուցման մասին է, որի նախագծման նախնական աշխատանքներն արդեն սկսված են։

Իջևանում էլ դիտարկվում է նախկինում գործած մարզադաշտի տարածքը։

Իսկ խոշոր ստադիոնը Ակադեմիական քաղաքի շրջանակներում ենք դիտարկում, որը 2029 թվականին պետք է պատրաստ լինի»,- եզրափակեց Անդրեասյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031