Երեխաների պաշտպանության օրը Երևանում կնշվի հետաքրքիր միջոցառումներով

Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը, Երևանում կնշվի բազմաբնույթ միջոցառումներով:

Հունիսի 1-2-ին՝ ժամը 12:00-ից մինչ 20:00-ն Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի Մանկական գրքի փառատոնը: «Զանգակ» գրատունը նախագիծն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։ Մանկական գրքի փառատոնին կազմակերպվելու են դասախոսություններ, խաղային ծրագիր, թատերական ներկայացումներ ու համերգներ:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փոքրիկների տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կշնորհավորի Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» գունեղ, պայծառ ու լուսավոր օպերային ներկայացմամբ, որը հնարավոր կլինի դիտել ժամը 13:00-ին: Ներկայացման հերոսներից են ձմերուկը, կատուն և այլք: Կատուն չի ուտում մկնիկին, որովհետև այդ օրը մկնիկի ծնունդն է: Մանարյանը նոր հեքիաթ է ստեղծել մկնիկի մասին, որի ծննդյան օրը նրա մայրը որոշում է նրան նվեր անել, սակայն այն խոհանոցում, որտեղ նրանք ապրում են, ուտելու ոչինչ չի մնացել, և մկնիկի մայրը որոշում է գնալ ցորեն փնտրելու, որպեսզի տորթ թխի:

Ժամը 18:00-ին էլ փոքրիկները կարող են հայտնվել բալետի զարմանահրաշ աշխարհում՝ դիտելով «Չիպոլինո» բալետային ներկայացումը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահը ժամը 19:00-ին երեխաներին կտանի մուլտերի աշխարհ: Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն սիրված և հայտնի մուլտֆիլմերի երաժշտությունները` «Անաստասիա», «Ֆրոզեն», «Մադագասկար», «Մոանա» և այլն։

Հայաստանի նկարիչների միությունում ժամը 15:00-ին երեխաներին նվիրված ցուցահանդես կբացվի:

Ժամը 12։00-ին Երևանի մետրոպոլիտենում տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով գնացքը կուղևորվի դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալներ, շնորհավորանքներ ու բարձր տրամադրությունը երաշխավորված են։ Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը՝ «Փայլոու»-ն, հասանելի կլինի բոլոր փոքրիկներին։ Այն կցուցադրվի Հանրապետության hրապարակում երեկոյան 20:00-ին՝ նոր մոտեցմամբ, լուսային և ձայնային տեխնիկայով, բեմով։

Երևանի կենդանաբանական այգում ժամը 11:00-ին կազդարարվի տոնական միջոցառումների մեկնարկը, որի ընթացքում հանդես կգան «Ծիածան» վոկալ-էստրադային ստուդիայի սաները: Օրվա ընթացքում ելույթներ կունենան նաև «Վերադարձ արմատներին» կրթամշակութային կենտրոնի, «Հեքիաթ և տիկնիկներ» պարային ստուդիայի, Ապարան համայնքի «Արագածի արվեստի դպրոց»-ի սաները: Նախատեսվում են նաև փրփուր փարթի, Top-top շոու:

11։00-ից մինչև ժամը 19:00-ն լինելու են հյութերի անվճար հյուրասիրություն, մուլտհերոսներ և խաղավարներ, պղպջակներով շոու, կենդանիների կերպարներով տիկնիկների պատրաստում, փուչիկներով կերպարների պատրաստում, մոլբերտներով նկարչություն, կավճանկարչություն, ակտիվ խաղեր, մրցույթներ, կրկեսային համարներ և այլ շատ հետաքրքիր անակնկալներ:

Հունիսի 1-ին այգու մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031