Չի կարելի մարդկանց ահաբեկել, անբարոյականի պես գալ, անընդհատ ստեր հորինել. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Ազգային ժողովում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ կա լավ հնարավորություն խոսելու մեր քաղաքացիների ազատությունների, ժողովրդավարության մակարդակի, երեխաների պաշտպանության, կանանց իրավունքների և մի շարք այլ բնագավառներում առկա բացթողումների ու ձեռքբերումների մասին, սակայն այս հնարավորությունը ընդդիմությունը նորից օգտագործում է մեր քաղաքացիներին խաբելու համար, նրանց ոտնահարված իրավունքները խախտողների, քաղաքացիներին տարիներ շարունակ կեղեքողներին պաշտպանելու համար:

«Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, ասում եք՝ սահմանազատումից հետո կիրանցին կհայտնվի ուղիղ նշանառության տակ: Այսինքն՝ 30 տարի է՝ կիրանցին ուղիղ նշանառության տակ չէ՞, հիմա սահմանազատման ու սահմանագծման գործընթացից հետո է հայտնվելու ուղիղ նշանառության տակ: Այդքա՞ն է ձեր պատկերացումներն անվտանգության մասին առհասարակ»,- ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց՝ հստակ արձանագրել է, որ ընդդիմությունը և նրանց հետ փոխկապակցված խմբակները կատարում են պատվեր՝ կիրանցի գլխին կռիվ բերելու և իրենց տերերի համար նոր տեղակայման վայր գտնելու համար. «Ասում են՝ կիրանցից հողեր են հանձնում, սուտ են ասում, անամոթաբար ստում են, ՀՀ սուվերեն տարածքից որևէ միլիմետր չի զիջվելու: Եթե մարդիկ ասում են, որ մենք հողեր ենք հանձնում, ես ակնկալում եմ, որ էդ մարդիկ գալու են այստեղ ու խոստովանեն, որ Խերեմլին իրենց հայրենիքն է, ու իրենք ծնվել են Խերեմլիում կամ Կիզիլ Հաջիլիում, ու իրենց բարեկամները մինչև հիմա ապրում են այնտեղ, թող գան խոստովանեն: Չի կարելի մարդկանց ահաբեկել, անբարոյականի պես գալ, անընդհատ ստեր հորինել»:

Ըստ Հովհաննիսյանի՝ ընդդիմությունը կրկին մարդկանց հուզմունքների հետ է խաղում, ինչպես միշտ են արել. «Սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին է, բաղանիսցին է, բերքաբերցին է, ովքեր չպետք է ապրեն խրամատից իրենց նայող ուղիղ նշանառության տակ, այլ պետք է ապրեն պաշտպանված պետական սահմաններով, և որևէ մեկը չի կարող խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով ԼՂ-ն»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031